«Բարի Ձմեռ Պապ» ծրագիրը բարեգործական ծրագիր է, որը հիմնադրվել է 2008 թվականին և իրականացվում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից: Այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող խոցելի խմբերի, հատկապես՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմանամերձ գյուղերում բնակվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող երեխաներին:
Ծրագրի «2017-2018» փուլը նախատեսվում է իրականացնել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում:
Ծրագիրը բաղկացած է լինելու 3 մասից:
Մաս 1.Կազմակերպվելու է Ձմեռ պապին ուղված նամակների պատրաստում սահմանամերձ գյուղերի երեխաների կողմից: Մեր կողմից նամակների ձևաթղթերն ուղարկվելու են համապատասխան գյուղեր և երեխաների կողմից լրացվելուց հետո վերադարձվելու են ծրագրի գրասենյակ:
Նամակները սկանավորվելու միջոցով տեղադրվելու են www.santaclaus.am կայքում, որում նախատեսված է նվիրատու դառնալու հնարավորություն հետևյալ կարգով.
Ծրագրի այս հատվածի նպատակն է ստեղծել մշտական և կայուն կապ կարիքավոր երեխաների և այն անձանց միջև, ովքեր պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ երեխաներին: Ծրագիրն աշխատում է այնպիսի սկզբունքով, որ յուրաքանչյուր նվիրատու հնարավորություն ունենա հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում և ցանկության պարագայում՝ հետագայում ևս շարունակել հովանավորել այդ երեխային:
Մաս 2.www.santaclaus.am կայքում կազմակերպվելու է «Լավագույն նամակ Ձմեռ պապին» մրցույթը: Կայքում առկա է քվեարկելու հնարավորություն տեղադրված նամակների համար: Քվեարկության արդյունքներով լավագույնը ճանաչված նամակագիրները կստանան հատուկ նվերներ:
Մաս 3. Ծրագրի հովանավորների և նվիրատուների կողմից տրամադրված այն նվերները, որոնք հասցեագրված չեն լինի կոնկրետ երեխաների, ձմեռ պապերի այցելությունների միջոցով տրամադրվելու են ՀՀ սահմանամերձ գյուղերի մանկահասակ երեխաներին, առաջնությունը տալով հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալական առավել ծանր խնդիրներ ունեցող երեխաներին:
Ծրագրի և կազմակերպության նախապատմությունը
Ծրագիրն առաջին անգամ 2008 թվականի ամանորին անցկացվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում: Այն ուղղված էր հիմնականում Սյունիքի մարզի սոցիալապես անապահով և ծնողազուրկ:Ծրագրի ձմեռ պապերի ու ձյունանուշերի այցելությունների արդյունքում շուրջ 2500 երեխաներ ստացան նվերներ: Նախաձեռնությանը աջակցեցին բազմաթիվ անհատներ` այդ թվում արտասահմանցի բարեգործ Հանս Հաուգը` ԳԴՀ‑ից, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ, զինվորականներ և այլոք:
Հետագա գործունեությունը առավել արդյունավետ ու կազմակերպված իրականացնելու նպատակով, նախաձեռնության անդամները հիմնեցին «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 27.08.2009թ. (վկայական` 03Ա085978, ՀՎՀՀ`08910023, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության կենտրոնական մարմնի կողմից):
Ծրագրի «2009-2010» փուլն իրականացվեց Վայոց Ձորի մարզում: Մարզի բոլոր քաղաքներում տեղադրվել էին փոստարկղեր, որոնց միջոցով երեխաները իրենց նամակներն էին ուղարկում «Ձմեռ պապին»: Պատրաստվել էր ձմեռ պապի ճամբար, որտեղ անցկացվեցին մրցույթներ, ելույթներ, ցուցադրություններ և շուրջ 3000 երեխաներ ստացան նվերներ ձմեռ պապի կողմից: Ծրագրի «2009-2010» փուլի գլխավոր հովանավորն էր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն: Ծրագրին հովանավորել են նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ՓԲԸ-ն, «Յունիսեֆ»‑ը, «Կասկադ» խմբի կազմակերպությունները և բազմաթիվ անհատ բարեգործներ:
Ծրագրի «2010-2011» փուլն իրականացվեց Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Ծրագրի շրջանակնեում ավելի քան 7000 սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամ և նամակագիր երեխաներ ստացան նվերներ: Տնային և խնամքի կենտրոնների այցելություններ կազմակերպվեցին Սյունիքի մարզի գրեթե բոլոր հաշմանդամ երեխաների համար: Այս փուլի գլխավոր հովանավորն էր կրկին «ՕրանժԱրմենիա» ընկերությունը: Հովանավորների թվում էին նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ՓԲԸ-ն, «Յունիսեֆ»‑ը, բազմաթիվ այլ կազմակերպություններ և անհատներ:
Ծրագրի «2011-2012», «2012-2013», «2013-2014», «2014-2015», «2015-2016», «2016-2017», «2017-2018»փուլերն իրականացվել են Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի սահմանամերձ մի շարք գյուղերում www.santaclaus.am կայքի միջոցով, որոնց արդյունքում նվիրատվություն է իրականացվել շուրջ 6800 երեխաների համար,ինչպես նաև իրականացվել է «Լավագույն նամակ ձմեռ պապին» մրցույթը, որի շրջանակներում լավագույնը ճանաչված նամակագիրներին տրամադրվել ենհատուկ նվերներ: Հովանավորների թվում են եղել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ՓԲԸ-ն, «Յունիսեֆ»‑ը, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, «Էս‑Էն‑Ար‑Սի» փաստաբանական գրասենյակը, «Թրասթ Գրուպ» ՍՊԸ-ն և հարյուրավոր այլ կազմակերպություններ ու հազարավոր անհատներ:
Հատկանշական է, որ www.santaclaus.am կայքի միջոցով իրականացվող փուլն ունի հանրային մեծ ճանաչում և վայելում է համակրանք ու վստահություն, ինչի վկայությունն է այն փաստը, որ հազարավոր մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից դառնում են նվիրատուներ և առանց մեծ ջանքեր գործադրելու նվիրատվություն են կատարում ամենահեռավոր սահմանամերձ գյուղերի երեխաներին: Համակրանքը պայմանավորված է նրանով, որ նվիրատվություն կատարելուց առաջ հնարավոր է կարդալ երեխաների նամակները, ընտրել առավել հոգեհարազատ նամակագիրներին և նվիրատվություն կատարել կոնկրետ անձանց և ոչ թե անորոշ անձանց շրջանակի: Իսկ վստահությունը բխում է այն բանից, որ նվիրատուն հնարավորություն ունի հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում:
Մերկարգախոսն է.
Այսօր չկոտրենք երեխաների սրտերը և անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար: