Մեր մասին

«ԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ծրագրի նկարագրությունը

«Բարի Ձմեռ Պապ» ծրագիրը բարեգործական ծրագիր է, որը հիմնադրվել է 2008 թվականին և իրականացվում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից: Այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող խոցելի խմբերի, հատկապես՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմանամերձ գյուղերում բնակվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող երեխաներին:

Այս տարի ծրագրին կմասնակցեն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 6-12 տարեկան երեխաները։ Վերջիններս կարող են իրենց նամակները գրել օնլայն տարբերակով՝ անմիջապես ծրագրի կայքում։

Հաշվի առնելով ստեղծված ծանր սոցիալական վիճակը, ծրագիրը կշարունակվի նաև ամանորից հետո և ողջ տարվա ընթացքում միասին կփորձենք ձեռք մեկնել մեր հերոսների երեխաներին ու լուծել հնարավորինս շատ խնդիրներ։

Նամակներ գրելու համար գործում է հետևյալ կարգը․

  1. Ծրագրին կարող են մասնակցել բացառապես Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 6-12 տարեկան երեխաները։
  2. Մասնակիցները կայքի «Նամակ Ձմեռ պապին» դաշտում լրացնում են անհրաժեշտ տեղեկատվությունը և շարադրում են իրենց նամակը։
  3. Չեն ընդունվի և ծրագրին չեն մասնակցի այն նամակները, որոնք պարունակում են՝
  • կոնկրետ մոդելով ու թանկարժեք տեխնիկայի ստացման ցանկություն,
  • անպարկեշտ ու անհասկանալի արտահայտություններ,
  • ակնհայտորեն չեն համապատասխանում ծրագրի նպատակներին։
  1. Նամակները կարող են խմբագրվել ծրագիրը համակարգողի կողմից, անհրաժեշտության դեպքում վերջինս կարող է նաև կապ հաստատել պարզաբանումներ ստանալու համար։
  2. Նամակների ընթացքին կարող եք հետևել  www.santaclaus.am կայքում։ Ծրագրի նպատակներին չհամապատասխանող նամակները չեն հրապարակվի։
  3. Ծրագիրը չի երաշխավորում ցանկությունների կատարումը։

 

Ձմեռ պապ կարող եք դառնալ ծրագրի կայքում, հետևյալ կերպ․

Մուտք գործելով կայք՝ այցելուն ընտրում է մեկ կամ մի քանի երեխաների նամակներ, սեղմելով «Դառնալ Ձմեռ պապ» կոճակը:

  • Կոճակը սեղմելիս բացվում է տվյալների լրացման պատուհան, որը լրացնելով այցելուն հայտ է ներկայացնում համապատասխան նամակագրին նվիրատվություն կատարելու համար:
  • Ծրագրի աշխատակիցները կապ են հաստատում հայտ ներկայացրած անձի հետ և ստանում համապատասխան նվերները, հանձնելով համապատասխան ստացական:
  • Ծրագրի աշխատակիցների միջոցով նվերները փոխանցվում են հասցեատեր երեխաներին,
  • երեխաների շնորհակալագրերը և նվիրատուի տվյալները (նվիրատուի համաձայնության պարագայում) հրապարակվում են կայքում յուրաքանչյուր նվիրատուի համար ստեղծվող էջում, որտեղ զետեղվում են նաև նվիրատուի նկարը, համապատասխան նամակը և նվերները հանձնելու պահին կատարված լուսանկարը և տեսահոլովակը:

Ծրագրի այս հատվածի նպատակն է ստեղծել մշտական և կայուն կապ կարիքավոր երեխաների և այն անձանց միջև, ովքեր պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ երեխաներին: Ծրագիրն աշխատում է այնպիսի սկզբունքով, որ յուրաքանչյուր նվիրատու հնարավորություն ունենա հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում և ցանկության պարագայում՝ հետագայում ևս շարունակել հովանավորել այդ երեխային:

 

Ծրագրի և կազմակերպության նախապատմությունը

Ծրագիրն առաջին անգամ 2008 թվականի ամանորին անցկացվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում: Այն ուղղված էր հիմնականում Սյունիքի մարզի սոցիալապես անապահով և ծնողազուրկ:Ծրագրի ձմեռ պապերի ու ձյունանուշերի այցելությունների արդյունքում շուրջ 2500 երեխաներ ստացան նվերներ: Նախաձեռնությանը աջակցեցին բազմաթիվ անհատներ` այդ թվում արտասահմանցի  բարեգործ Հանս Հաուգը` ԳԴՀ‑ից, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ, զինվորականներ և այլոք:

Հետագա գործունեությունը առավել արդյունավետ ու կազմակերպված իրականացնելու նպատակով, նախաձեռնության անդամները հիմնեցին «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 27.08.2009թ. (վկայական` 03Ա085978, ՀՎՀՀ`08910023, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության կենտրոնական մարմնի կողմից):

Ծրագրի «2009-2010» փուլն իրականացվեց Վայոց Ձորի մարզում: Մարզի բոլոր քաղաքներում տեղադրվել էին փոստարկղեր, որոնց միջոցով երեխաները իրենց նամակներն էին ուղարկում «Ձմեռ պապին»: Պատրաստվել էր ձմեռ պապի ճամբար, որտեղ անցկացվեցին մրցույթներ, ելույթներ, ցուցադրություններ և շուրջ 3000 երեխաներ ստացան նվերներ ձմեռ պապի կողմից: Ծրագրի «2009-2010»  փուլի գլխավոր հովանավորն էր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն: Ծրագրին հովանավորել են նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ՓԲԸ-ն, «Յունիսեֆ»‑ը, «Կասկադ» խմբի կազմակերպությունները և բազմաթիվ անհատ բարեգործներ:

Ծրագրի «2010-2011» փուլն իրականացվեց Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Ծրագրի շրջանակնեում ավելի քան 7000 սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամ և նամակագիր երեխաներ ստացան նվերներ: Տնային և խնամքի կենտրոնների այցելություններ կազմակերպվեցին Սյունիքի մարզի գրեթե բոլոր հաշմանդամ երեխաների համար: Այս փուլի գլխավոր հովանավորն էր կրկին «ՕրանժԱրմենիա» ընկերությունը:  Հովանավորների թվում էին նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ՓԲԸ-ն, «Յունիսեֆ»‑ը, բազմաթիվ այլ կազմակերպություններ և անհատներ:

Ծրագրի «2011-2020» փուլերն իրականացվել են Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի սահմանամերձ մի շարք գյուղերում կայքի միջոցով, որոնց արդյունքում նվիրատվություն է իրականացվել  շուրջ 9000 երեխաների համար։

Հատկանշական է, որ կայքի միջոցով իրականացվող փուլն ունի հանրային մեծ ճանաչում և վայելում է համակրանք ու վստահություն, ինչի վկայությունն է այն փաստը, որ հազարավոր մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից դառնում են նվիրատուներ և նվիրատվություն են կատարում ամենահեռավոր սահմանամերձ գյուղերի երեխաներին: Համակրանքը պայմանավորված է նրանով, որ նվիրատվություն կատարելուց առաջ հնարավոր է կարդալ երեխաների նամակները, ընտրել առավել հոգեհարազատ նամակագիրներին և նվիրատվություն կատարել կոնկրետ անձանց և ոչ թե անորոշ անձանց շրջանակի: Իսկ վստահությունը բխում է այն բանից, որ նվիրատուն հնարավորություն ունի հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում:

 

Մեր կարգախոսն է.

Այսօր չկոտրենք երեխաների սրտերը և անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար: