Բարի Ձմեռ պապ բարեգործական ծրագիրն այս տարի նախատեսում է իրականացնել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքների փոքրիկների երազանքը: Newsbook-ի թղթակցի հետ զրույցում «Համաչափ Զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպության տնօրեն Մակար Եղիազարյանը նշեց, որ ծրագիրն առանձնապես որևէ ֆինանսական դժվարություն կամ ներդրում չի պահանջում: «Երբ կարդում ես մեր գյուղերում ապրող փոքրիկների նամակները, շատ տխուր պատկեր է ստացվում: Երեխա կա, որ տաք կոշիկ է ուզում կամ վերարկու, խաղալիք: Ու ցավալի է, որ նրանց համար ցանկալի ամանորյա նվերները շատերիս համար ամենահասարակ ու անգամ ավելորդ իրերն են: Եկեք միանանք ու ամեն մեկս գյուղում բնակվող մի երեխայի Ամանորը փոքրիկ տոնի վերածենք»,-ասաց Մակար Եղիազարյանը և հավելեց, որ ծրագիրը կազմված է մի քանի փուլից: Ծրագրի հովանավորների և նվիրատուների կողմից տրամադրված այն նվերները, որոնք հասցեագրված չեն լինի կոնկրետ երեխաների, ձմեռ պապերի այցելությունների միջոցով նվիրվելու են ՀՀ սահմանամերձ գյուղերի մանկահասակ երեխաներին՝ առաջնությունը տալով հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալական առավել ծանր խնդիրներ ունեցող երեխաներին: «Տեղեկացնեմ, որ կազմակերպվելու է Ձմեռ պապին ուղված նամակների պատրաստում սահմանամերձ գյուղերի դպրոցական երեխաների կողմից: Փոքրիկների նամակները տեղադրվելու են www.santaclaus.am կայքում: Մեզանից յուրաքանչյուրը կարող է մտնել կայք, կարդալ փոքրիկի նամակը և օգնել նրան: Ասեմ ավելին, որ ցանկացողները կարող են իրենք որպես Ձմեռ պապ նվերը հանձնել երեխային, ու ցանկության դեպքում կհրապարակվի նաև անունը: Այնպես որ, մեզանից յուրաքանչյուրը կարող է ժպիտ պարգևել սահմանամերձ գյուղերում ապրող փոքրկին»,-նշեց Մակար Եղիազարյանը: Ծրագրի շջանակներում անցկացվելու է նաև «Լավագույն աշակերտ», «Լավագույն նամակ» մրցույթները»,- նշեց Մակար Եղիազարյանը: Նա հավելեց նաև, որ այցելությունների ընթացքում իրականացվելու են նկարահանումներ, պատրաստվելու են տեսանյութեր հաշմանդամ և կարիքավոր երեխաների խնդիրների վերաբերյալ, որոնք տեղադրվելու են ծրագրի կայքում, ձեռնարկվելու են միջոցառումներ` նպատակ ունենալով գտնել նշված խնդիրների լուծման ուղիներ: Նախորդ տարիների գործունեության արդյունքում «Բարի Ձմեռ պապ» ծրագրին կից ստեղծվել է «Երեխաների շահերի պաշտպանության» ծրագիրը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով: «Այս տարվա ծրագրի արդյունքում նպատակ ունենք ընդլայնել շահառու երեխաների քանակը: Այցելությունների ընթացքում հավաքագրվելու են տվյալներ երեխաների հիմնախնդիրների վերաբերյալ, և տարվա ընթացքում զբաղվելու ենք այդ խնդիրների լուծմամբ»,- հայտնեց Եղիազարյանը: Ծրագիրն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում: Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?p=22151&l=am%2F