ՁՄԵՌ ՊԱՊ, ԶԳՈՒՅՇ` ՉԿՐԱԿԵՆ

December 14, 2013 00:00

Բարեւ Ձմեռ պապիկ ջան, ինչպե՞ս ես: Ես անհամբեր սպասում եմ ձեր գալուն: Ուզում եմ, որ աշխարհին լինի խաղաղություն, բոլոր մարդիկ ապրեն խաղաղ եւ համերաշխ: Դու մի քիչ զգույշ արի, որ քեզ վրա չհարձակվեն, որովհետեւ մեր գյուղից մեկ կիլոմետր այն կողմ մեր թշնամիներն են: Դու շուտ արի եւ մեզ ուրախացրու քո նվերներով: Ես քեզ մի մեծ խնդրանք ունեմ, ուզում եմ ինձ համար դհոլ բերես: Ես գիտեմ նվագել, բայց գերազանց չգիտեմ: Ես շատ եմ խնդրում, Ձմեռ պապիկ եւ հավատում եմ, որ անպայման կբերես: Ես ձեզ շատ եմ սիրում: Ցանկանում եմ ձեզ առողջություն: Շնորհավորում եմ ձեր Ամանորը եւ Սուրբ Ծնունդը»:

Սա Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ գյուղում ապրող եւ Խնձորուտի միջնակարգ դպրոց հաճախող 11-ամյա  է` հասցեագրված Ձմեռ պապին: Փայլակի նամակը սահմանամերձ այլ գյուղերի երեխաների նամակների հետ միասին տեղադրվել է santaclaus.am կայքում, որպեսզի Ձմեռ պապը նաեւ այս միջոցով տեղեկանա փոքրիկների ամանորյա խնդրանքների ու նրանց բնակավայրերի մասին: Փայլակ Սուքիասյանը մեծ մարդու պես համաձայնեց մեզ հարցազրույց տալ, իսկ հընթացս որոշեց փոքր-ինչ խմբագրել իր նամակը եւ դհոլի կողքին ավելացնել նաեւ սինթեզատոր: «Եթե կարելի է»,- ընդգծեց նա, ապա հավելեց. «Մի քիչ գիտեմ նվագել, ուզում եմ դառնալ երաժիշտ»:

- Փայլակ, նամակի մեջ Ձմեռ պապին զգուշացրել էիր, որ դուք սահմանին մոտիկ եք ապրում, որ կարող է կրակեն նրա ուղղությամբ: Հաճա՞խ են կրակոցներ հնչում ձեր գյուղում:
- Հա, էլի, սահմանամերձ գյուղում ենք, հաճախ կրակում են:

- Վախենո՞ւմ ես այդ ժամանակ:
- Չէ, չեմ վախենում... Սահմանամերձ գյուղ է, մի քանի մետր է, հեռավորությունը: Փոքր գյուղ է, էդքան հարուստ մարդիկ չկան:

- Իսկ կյանքը գյուղում հետաքրքի՞ր է: Ո՞նց է անցնում:
- Հա, գեղեցիկ է բնությունը, կյանքը հետաքրքիր է: Դպրոցից գալիս եմ տուն, դասերս պատրաստում եմ, ձուկ ենք բռնում ընկերներիս հետ, պարի եմ հաճախում: Նկարչական խմբակ էլ եմ հաճախում: Մենք Նոր Ազնաբերդում դպրոց չունենք, հաճախում եմ Խնձորուտի միջնակարգ դպրոց: Թուրքերը, որ գրավել են գյուղը, հետո նորից հետ ենք վերցրել, բոլորը քանդել են: Հիմա մեր դասարանում 8 հոգի ենք` Նոր Ազնաբերդից ու Խնձորուտից:

- Իսկ ի՞նչ մասնագետ ես ուզում դառնալ, արդեն որոշե՞լ ես:
- Հա, ուզում եմ գնալ ոստիկանական:

- Երաժիշտ ոստիկան կլինես, փաստորեն:
- Եթե ոստիկանականը չստացվի, նոր երաժիշտ կդառնամ:

- Բա ինչո՞ւ ոստիկան:
- Որ գողերին բռնեմ: Հայաստանում չթողնեմ, էլի, գողություն անեն:

- Քո կարծիքով շա՞տ են գողերը Հայաստանում, որ պետք է անպայման նրանցով զբաղվել:
- Դե էդքան չկան, ուզում եմ սաղին խրատեմ:   

- Որ երաժիշտ դառնաս կամ ոստիկան, գյուղում կմնա՞ս, թե մտադիր ես տեղափոխվել  քաղաք:
- Ընտանիքիս հետ կտեղափոխվեմ Երեւան կամ ուրիշ տեղ: Գյուղում ըտենց խմբակներ չկան, ամեն անգամ պիտի մի քանի կիլոմետր գնամ, գամ, դրա համար: Համ էլ ուզում եմ ինքնուրույն սովորել: Ծնողներիս հետ կգնամ:

Նշենք, որ Փայլակ Սուքիասյանն ապրում է ծնողների, տատիկ-պապիկի ու եղբոր` Էդգարի հետ: Ձմեռ պապին մի նամակ էլ Էդգարն է գրել: Նրա խնդրածը հեռակառավարվող ավտոմեքենա է: 

Հ.Գ. santaclaus.am կայքի միջոցով իրականացվող «Բարի Ձմեռ Պապ» ծրագիրը, որը բարեգործական ծրագիր է, սկիզբ է առել 2008 թվականից եւ ամեն տարի իրականացվում է «Համաչափ Զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի «2013-2014» փուլը նախատեսվում է իրականացնել Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերում: